«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Սելտայի» նկատմամբ հաղթանակից հետո հայտարարել է, որ իր թիմը երբեք չի հանձնվում։
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղն ավարտվել է 4:3 հաշվով։ Տանտերերի կազմում գոլեր են խփել Ֆերրան Տորեսը, Դանիել Օլմոն և Ռաֆինյան, որը դուբլ է ձևակերպել։ «Սելտայի» կազմում հեթ-տրիկ է գրանցել հարձակվող Բորխա Իգլեսիասը։ Հաղթական գոլը Ռաֆինյան խփել է 90+8-րդ րոպեին՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։
— Նման խաղերում հաղթանակն ավելի հաճելի է։ Մենք խաղացինք ուժեղ թիմի դեմ, ուստի բնական է, որ դժվարություններ ունեցանք։ «Սելտան» հիանալի թիմ է՝ գերազանց մարզչով։ Դա մենք նշել էինք դեռ մամուլի ասուլիսում։ Լևանդովսկու վիճակը գնահատելու համար պետք է սպասենք մինչև վաղ առավոտ։ Նա թեստավորում կանցնի, և մենք ավելի շատ տեղեկություն կունենանք։ Ես շատ գոհ եմ, թե ինչպես արձագանքեցինք 1:3 հաշվին։
Մեր թիմը երբեք չի հանձնվում. դա մեր մտածելակերպն է։ Երկրորդ բաց թողած գոլը սխալի հետևանք էր։ Մինչ այժմ տպավորված եմ խաղացողների արձագանքով վերջին րոպեներին։ Ռաֆինյան մեզ համար շատ կարևոր է։ Նա միշտ դրական է տրամադրված և կարողանում է այդ էներգիան փոխանցել թիմակիցներին, — Ֆլիկի խոսքերն է փոխանցում Marca-ն։