«Շիրակի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը «Նոայի» հետ Գյումրիում անցկացրած խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Բան կա՞ ասելու: Խաղի մասին կարող եմ ասել, բայց մրցավարի մասին կարծում եմ՝ ամեն ինչ ասված է: Չեմ ուզում կրկնվել, իջնել … չեմ էլ տեսել, պետք է վերջնական գնահատական տամ ու հասկանամ՝ ինչու այսպես եղավ:
Ինչ վերաբերում է խաղին, ապա մենք բավական համբերատար էինք խաղում մի թիմի դեմ, որը շատ որակյալ է, շատ լավ թիմ է, ու նաև փոփոխություններով է շատ արագացնում խաղը, բայց ամեն դեպքում մենք խաղը տանում էինք տրամաբանական ավարտին, որն, ըստ իս, ոչ-ոքին էր: Չեմ ասում հաղթանակը, որովհետև մրցակիցը բավական պահեր ստեղծեց, մինչև մենք ընկանք հունի մեջ»,- նշել է Ռաֆայել Նազարյանը հետխաղյա մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք՝ Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 թթ. մրցաշրջանի 24-րդ տուրի վերջին խաղում «Նոան» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ՝ 2։1 հաշվով։
Խաղի վերջնական հաշիվը ձևակերպել է Գոռ Մանվելյանը՝ 86-րդ րոպեին անվրեպ իրացնելով «Նոայի» օգտին նշանակված երրորդ 11-մետրանոց հարվածը։
Առաջին խաղակեսում «Նոայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն երկու անգամ չէր կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը. երկու դեպքում էլ հարվածները հետ էր մղել գյումրեցիների դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը։