Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդո Նազարիոն բացահայտել է, որ Կառլո Անչելոտին պատրաստ էր գլխավորել Բրազիլիայի հավաքականը, սակայն Մադրիդի «Ռեալը» թույլ չի տվել նրան հեռանալ:
Ռոնալդոն նշել է, որ երբ 2023 թվականին Տիտեն հեռացավ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, Բրազիլիայի ֆուտբոլային ֆեդերացիան (CBF) որոշեց սպասել Անչելոտիի պայմանագրի ավարտին, որը նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսը: Սակայն 2023 թվականի դեկտեմբերին իտալացի մասնագետը երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2026 թվականը, ինչը կանխեց նրա հնարավոր տեղափոխությունը Բրազիլիայի հավաքական:
«Ես մասնակցել եմ բանակցություններին և աջակցել Անչելոտիի թեկնածությանը: Նա իսկապես ցանկանում էր գլխավորել Բրազիլիայի հավաքականը, բայց վերջնական որոշումը «Ռեալինն» էր, և ակումբը չթողեց նրան հեռանալ», – բրազիլացու խոսքն է մեջբերում ESPN-ը։
Անդրադառնալով Բրազիլիայի հավաքականի ներկա վիճակին՝ լեգենդար ֆուտբոլիստը նշել է, որ CBF-ի ներքին քաղաքական խնդիրները բացասաբար են ազդում թիմի ընդհանուր մթնոլորտի վրա՝ խոչընդոտելով լավ արդյունքների հասնելուն: Նա նաև ընդգծել է, որ ինչպես գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի ղեկավարության տակ գտնվելը, այնպես էլ լրատվամիջոցների կողմից խաղացողների նկատմամբ մեծ ակնկալիքները խանգարում են թիմին հաջողության հասնել:
«Հավաքականը մշտապես մեծ ճնշման տակ է, ինչը դժվարացնում է արդյունավետ աշխատանքը», – հավելել է Ռոնալդոն: