«Լիվերպուլի» աստղային հարձակվող Մոհամեդ Սալահը զգացմունքային է արձագանքել ֆրանսիական ՊՍԺ-ից տանը 11-մետրանոց հարվածաշարում իր թիմի պարտությանը: Խաղն ավարտվել է 0։1 հաշվով՝ հօգուտ փարիզեցիների։ 11-մետրանոց հարվածաշարում ևս ավելի դիպուկ էին ֆրանսիացիները՝ 4:1։
Մերսիսայդցիների եզրային հարձակվողը հետխաղյա հարվածների ավարտից հետո արտասվել է: Անձամբ եգիպտացին իր 11-մետրանոց հարվածը դիպուկ է իրացրել։
Նշենք, որ Սալահը երկու հանդիպումներում գոլեր չխփեց, իսկ «Լիվերպուլը» պարտություն կրեց՝ այս մրցաշրջանում չկարողանալով դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Այժմ Սլոտի թիմը մասնակցում է միայն Պրեմիեր լիգային, որտեղ խոշոր տարբերությամբ մրցաշարի առաջատարն է, ինչպես նաև Անգլիայի լիգայի գավաթին, որտեղ «կարմիրները» դուրս են եկել եզրափակիչ։
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 55 միլիոն եվրո։