«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը հայտարարել է 100,000 հանդիսատես տեղավորող նոր մարզադաշտ կառուցելու մասին, որը կտեղակայվի «Օլդ Թրաֆորդի» հարևանությամբ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Նրա խոսքով, այս ծրագիրը ոչ միայն կբարելավի ակումբի ենթակառուցվածքները, այլև կնպաստի Մանչեսթերի տնտեսական զարգացմանը:
Նախագծի ճարտարապետ Նորման Ֆոստերը նշել է, որ կառույցը կունենա «հսկայական հովանոց», որը կօգտագործի անձրևաջրերը, իսկ հարակից տարածքը կվերածվի մեծ հրապարակի՝ հասարակական տրանսպորտի հասանելիությամբ:
Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բերնհեմը համեմատել է ծրագրի նշանակությունը Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի ազդեցության հետ՝ շեշտելով, որ այն պետք է մատչելի լինի բոլոր երկրպագուների համար:
Սակայն ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Ռեթքլիֆը բացատրել է իր խիստ միջոցառումները, մասնավորապես 450 աշխատակցի կրճատումը, նշելով, որ առանց դրանց ակումբը կարող էր սնանկանալ մինչև 2025 թվականի ավարտը:
— Վերջին յոթ տարիների ընթացքում մեր ակումբը ծախսել է ավելին, քան վաստակել է։ Ես հրապարակայնորեն հայտարարում եմ․ եթե վճռական քայլեր չձեռնարկվեին, ակումբը մինչ 2025 թվականի ավարտը կսնանկանար։ «Յունայթեդի» գումարները պարզապես կսպառվեին։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ դրանք կսպառվեին նույնիսկ այն դեպքում, եթե ամռանը ոչ մի ֆուտբոլիստ չգնեինք։ Մենք չենք կարող բավարարվել կիսատ միջոցներով նման իրավիճակում։ Կամ լուծում ենք խնդիրը, կամ՝ ոչ, — Ռեթքլիֆի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 14-րդ տեղը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում՝ ընդամենը 34 միավորով, իսկ Ռուբեն Ամորիմի թիմը վերջին հինգ խաղերից հաղթել է միայն մեկում:
Չնայած ֆինանսական ճգնաժամին, ակումբը հայտարարում է, որ մարզադաշտի կառուցման համար պետական ֆինանսավորում չի պահանջվի, սակայն տարածքի զարգացման ծրագրերի համար անհրաժեշտ կլինի կառավարական աջակցություն: