Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը բացատրել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարին 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Կոլումբիայի և Արգենտինայի հավաքականների հետ հանդիպումների վերջնական հայտացուցակում ընդգրկելը։
33-ամյա ֆուտբոլիստը մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ է հրավիրվել Բրազիլիայի հավաքական։
«Կարիք չկա խոսել այն մասին, թե ով է Նեյմարը: Հիմա նա մարզավիճակ է հավաքում, մենք դա հասկանում ենք։ Բայց մենք նաև հավատում ենք, որ նրա ունակություններն ու հմտությունները թույլ են տալիս նրան հաղթահարել ցանկացած իրավիճակ խաղադաշտում: Ազգային թիմում նրա թիմակիցներն իրենք են հրապարակայնորեն հայտնել, թե ինչ է նշանակում Նեյմարը թիմի համար:
Մենք սպասում ենք նրա վերադարձին։ Սա մեզ համար առաջին հնարավորությունն է խաղալ նրա հետ [վնասվածքից հետո]։ Հուսով եմ, որ նա ուրախ կլինի վերադառնալ: Եկեք միասին աշխատենք, որպեսզի նրան վստահություն տանք, որ կարող է վերադառնալ իր լավագույն մարզավիճակին, այլ ոչ թե ուռճացված ակնկալիքներ ստեղծել ու ողջ պատասխանատվությունը գցել նրա վրա»,- Դորիվալի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Բրազիլիայի հավաքականը մարտի 21-ին կխաղա Կոլումբիայի, իսկ մարտի 26-ին՝ Արգենտինայի հետ: