Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Ֆուլհեմի» հետ խաղում իր թիմի ցուցադրած խաղի մասին: Հանդիպումն ավարտվել է «կարմիր սատանաների»՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (1:1, 11մ.՝ 3:4) պարտությամբ:
«Կարծում եմ՝ մենք 35 րոպե լավ տիրում էինք գնդակին, վերահսկում էինք խաղը, իսկ մնացած ժամանակում փորձում էինք հնարավորություններ ստեղծել։ Երբեմն մենք չենք կարող 90 րոպե խաղալ նույն տեմպով, բայց ավելացնում ենք լավ խաղալու և գնդակին տիրելու ժամանակը: Երբեմն դուք հաղթում եք, երբեմն՝ պարտվում: Մենք արդեն գիտեինք, որ այս մրցաշրջանն այսպիսին է լինելու:
Ի վերջո, ցանկացած թիմ կարող է հաղթել 11-մետրանոց հարվածաշարում, բայց այսօր մեր օրը չէր։ Երբեմն պարզապես մի փոքր հաջողություն է պետք հաջորդ քայլն անելու համար»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում՝ մարտի 6-ին մրցելով «Ռեալ Սոսյեդադի» դեմ։