Ֆրանսիայի գավաթի 2024/2025թթ․ խաղարկության 1/4 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվելու է համեստ «Ստադ Բրիոշենին»։
Չորրորդ լիգայի թիմի կազմում առանձնանում է հայազգի վինգեր Արթուր Զաքարյանը։
27-ամյա ֆուտբոլիստն առանցքային դեր է խաղացել իր թիմի հաջողության մեջ։ Նա առանց փոխարինման մասնակցել է նախորդ բոլոր փուլերին, որոնց ընթացքում «Բրիոշենը» հաղթել է «Գավրին», «Անսիին» և «Նիցային»։ Հատկապես «Նիցայի» դեմ հաղթանակը դարձել է պատմական՝ 90+7-րդ րոպեին թիմը խփել է հաղթական գոլը։
Արթուր Զաքարյանը ծնվել է 1997 թվականին, ունի հայկական անձնագիր, բայց ողջ կարիերան անց է կացրել Ֆրանսիայում։ Նա խաղացել է տեղական ակումբներում՝ հիմնականում ստորին դիվիզիոններում։ (տեղեկությունը՝ transfermarkt-ի)։
Զաքարյանը վստահ է, որ իրենց թիմն ունի շանսեր. «Մեզ համար սա պատմական հնարավորություն է, և մենք պատրաստ ենք պայքարել», – ասել է նա։
«Բրիոշենն» արդեն իսկ ապացուցել է, որ անակնկալներ մատուցելու ունակ է։ Կտեսնենք՝ կկարողանա՞ Զաքարյանը կրկին փայլել ու թիմին նոր պատմական հաղթանակ պարգևել։
Հայազգի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։