Հոկտեմբերի 25-ին, 26-ին և 27-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի հանդիպումները։
«Երևան»- «Շիրակ»/ հոկտեմբերի 25, ժամը 15։00
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա
12-րդ տուրը կմեկնարկի Վանաձորում։ Հետնապահ «Երևանը», որը վերջին օրերին հայտնվել է սկանդալային իրադարձությունների կիզակետում, կընդունի Գյումրիի «Շիրակին»։ 11-խաղյա անընդմեջ պարտություններից հետո պորտուգալացի մասնագետ Խոսե Անտոնիո Կալդաս դե Օլիվեյրայի սաները դժվար թե կարողանան լուրջ խնդիրներ լուծել գյումրեցիների դեմ խաղում, ովքեր մեծ թափ են հավաքել ու «Արարատի» դեմ նախորդ տուրում տարած հաղթանակից հետո ավելի մեծ ոգևորությամբ կպայքարեն առաջատարության դիրքը ստանձնելու համար։
Այս տուրից առաջ Վարդան Բիչախչյանի սաները, իրենց ակտիվում ունենալով 22 միավոր, առաջին հորիզոնականը կիսում են «Արարատի» հետ, իսկ «Երևանը» եզրափակում է ԲԽ-ի մրցաշարային աղյուսակը՝ 0 միավորով։

«Արարատ-Արմենիա»-«Նոա»/ հոկտեմբերի 25, ժամը՝ 16։00
Ավանի ակադեմիայի մարզադաշտ
Վարդան Մինասյանի թիմը, որը երկու խաղ պակաս է անցկացրել, հետապնդում է առաջատարներին ու կփորձի հաղթահարել նաև «Նոայի» արգելքը, թեպետ Վադիմ Բորեցը բավականին ամուր ու հետաքրքիր թիմ է ստեղծել, որն ունակ է խնդիրներ պատճառել առաջնության ցանկացած թիմի։
Առաջիկա խաղին «Նոան» պատրաստվում է շատ բարձր ու մարտական տրամադրությամբ, ինչը երևում է ակումբի ներկայացրած տեսանյութից․
Այս տուրից առաջ «Արարատ-Արմենիան» 19 միավորով եզրափակում է լավագույն եռյակն, իսկ «Նոան» 11 խաղից հետո վաստակած 17 միավորով 5-րդն է։
«Ուրարտու»-«Ալաշկերտ»/ հոկտեմբերի 25, ժամը 19։00
«Ուրարտու-1» մարզադաշտ
Խաղային օրը կեզրափակվի երեկոյան «Ուրարտու» մարզադաշտում կայանալիք այս հանդիպումով։
Արմեն Ադամյանի թիմը նախորդ տուրում պարտվեց «Լոռիին», իսկ «Ուրարտուն», որն այնքան էլ հաջող չէր սկսել առաջնությունը, աստիճանաբար վերագտնվում է իր խաղը և «Արարատին» հաղթելուց, «Շիրակի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո հաղթեց նաև «Փյունիկին» ու, անկասկած, մարտական տրամադրված կլինի նաև «Ալաշկերտի» հետ խաղին։
Իսկ «Ալաշկերտն», իր հերթին, կփորձի ապացուցել, որ վերջին անհաջողությունները պատահականություն էին։
Այս տուրից առաջ «Ալաշկերտը» 16 միավորով գտնվում է 6-րդ տեղում, իսկ Իլշատ Ֆայզուլինի թիմը 12 միավորով 8-րդն է։
«Լոռի»-«Գանձասար-Կապան» / հոկտեմբերի 26, ժամը 15։00
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
Շաբաթ օրը ԲԽ-ի միայն մեկ հանդիպում կկայանա՝ Վանաձորում։ Մրցաշարային բարձր հավակնություններ ու իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ բավականին համակրելի տեսք ունեցող «Լոռին» ուժերը կչափի «Գանձասար-Կապանին», որը թեև միավորներով շատ է զիջում առաջատարներին, բայց ամենևին հեշտ մրցակից չէ ու իր խոսքը դեռ ասելու է։
Նախորդ տուրում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո Արմեն Պետրոսյանի սաները կփորձեն իրենց լավագույն խաղը ցույց տալ նաև Վանաձորում, իսկ «Լոռին» հարազատ պատերի ներքո՝ հավատարիմ երկրպագուների աջակցությամբ, կփորձի ևս մեկ քայլ անել դեպի առաջատար եռյակ։
Այս տուրից առաջ «Լոռին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 18 միավոր ունի իր ակտիվում ու մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 1 միավորով զիջելով երրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»։ Իսկ «Գանձասար-Կապանը» 10 միավորով գտնվում է նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում։

«Արարատ»- «Փյունիկ»/ հոկտեմբերի 27, ժամը 16։00
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
12-րդ տուրի վերջին, ու թերևս, կենտրոնական խաղը կկայանա Երևանում հոկտեմբերի 27-ին։ Առաջատար «Արարատը» կընդունի «Փյունիկին»։ Օրերս տեղեկություն տարածվեց, որ Ալեքսանդր Տարխանովը հեռացվել է երևանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից,սակայն «Փյունիկի» մամուլի քարտուղարությունն ArmSport-ի հետ զրույցում հայտնեց, որ մասնագետն առողջական խնդիրների պատճառով է բացակայել, իսկ «Արարատի» հետ խաղին «Փյունիկը» պատրաստվել է Սուրեն Չախալյանի գլխավորւթյամբ։
Թե որքանով սա իր ազդեցությունը կունենա թիմի վրա, հնարավոր կլինի ասել միայն խաղից հետո, այդուհանդերձ՝ կասկած չկա, որ այս թիմերի միջև շատ դիտարժան ու անզիջում պայքարի ենք ականատես լինելու։
Այս տուրից առաջ «Արարատը» 22 միավորով գլխավորում է ԲԽ-ի մրցաշարային աղյուսակն ու «Շիրակից» նախորդ տուրում կրած պարտությունից հետո ամեն ինչ կանի այլևս չսայթաքելու համար, իսկ «Փյունիկը», որը 11 խաղում 6 պարտություն է կրել, 13 միավոր ունի իր ակտիվում ու գտնվում է 7-րդ տեղում։
Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակն այս պահին, ընդհանուր առմամբ, այս տեսքն ունի՝
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Արարատ | 11 | 7 | 1 | 3 | 18 | 9 | 22 |
2. | Շիրակ | 11 | 6 | 4 | 1 | 16 | 9 | 22 |
3. | Արարատ-Արմենիա | 9 | 6 | 1 | 2 | 15 | 8 | 19 |
4. | Լոռի ՖԱ | 10 | 5 | 3 | 2 | 12 | 12 | 18 |
5. | Նոա | 11 | 5 | 2 | 4 | 14 | 10 | 17 |
6. | Ալաշկերտ | 10 | 5 | 1 | 4 | 17 | 11 | 16 |
7. | Փյունիկ | 11 | 4 | 1 | 6 | 19 | 22 | 13 |
8. | Ուրարտու | 11 | 3 | 3 | 5 | 11 | 17 | 12 |
9. | Գանձասար-Կապան | 11 | 2 | 4 | 5 | 10 | 14 | 10 |
10. | ՖԱ Երևան | 11 | 0 | 0 | 11 | 6 | 26 | 0 |