Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Ռեալ Սոսյեդադի» հետ կայանալիք առաջին խաղից առաջ կիսվել է իր մտքերով՝ նշելով «սերուցքայինների» համար նախատեսված ծանր խաղացանկի մասին։
Իտալացի մասնագետը նշել է, որ «Ռեալ Սոսյեդադը» լավ ֆուտբոլ է խաղում, իսկ հանդիպումը լինելու է մրցակցային և հավասար։
«Մենք 52 օրում խաղացել ենք 17 հանդիպում, իսկ նախկինում ամբողջ մրցաշրջանում խաղում էինք 30 խաղ։ Բոլորս հանգստի կարիք ունենք։
Ինչ վերաբերում է Լա Լիգայի նախագահին, նա չափից շատ է խոսում «Ռեալի» մասին և անհարգալից է միլիոնավոր երկրպագուների նկատմամբ։ Թող նա կենտրոնանա իսպանական ֆուտբոլի խնդիրների վրա»,- իտալացու խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը վաղն է՝ փետրվարի 26-ին, կեսգիշերն անց՝ 00։30-ին։
Հանդիպումը կկայանա Սան Սեբաստյանի «Ռեալե Արենայում»։ Խաղը կսպասարկի Խոսե Սանչես Մարտինեսը։