«Սյունիքը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի Մ19 հավաքականի նախկին պաշտպան Պողոս Կրմզյանի, ինչպես նաև գվինեացի հարձակվող Մամադու Դիալլոյի և ռուս դարպասապահ Սերգեյ Ռեզնիչենկոյի հետ։
20-ամյա Կրմզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել նաև «Սոչի», «Ակրոն Կոնոպլյով» թիմերում։ Կրմզյանը հանդես է եկել Հայաստանի Մ19 հավաքականում՝ մասնակցելով Մ19 Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։
27-ամյա գվինեացին հանդես է եկել Ղազախստանի Առաջին լիգայում՝ 48 խաղում խփելով 35 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում, ինչպես նաև Բելառուսի Պրեմիեր լիգայում՝ 18 խաղում խփելով 4 գոլ եւ կատարելով մեկ գոլային փոխանցում։
Դիալլոն մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վանում»։ Այստեղ անցկացրած 14 խաղում մեր նորեկը դարձել է 2 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
19-ամյա ռուս դարպասապահն էլ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, հանդես է եկել նաեւ «Չայկա» և «Նարտ Չերկեսկ» թիմերում։ «Սյունիքի» և Ռեզնիչենկոյի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։
Տեղեկացնենք նաև, որ «Սյունիքն» այսօր ընկերական խաղ է անցկացրել ԲԿՄԱ -ի հետ և ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտել հանդիպումը: