«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոն հաստատել է, որ վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դիալոն կոճի կապանների վնասվածք է ստացել մարզման ընթացքում և այժմ վտանգ կա, որ նա բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանը։
Ավելի ուշ Ամադը դիմել է իր հետևորդներին ինստագրամի իր էջում և հաստատել, որ «Յունայթեդը» ստիպված է լինելու խաղալ առանց իր մասնակցության։
«Անհանգստացած եմ, որ այս կարևոր պահին ստիպված եմ գրել այս գրառումը։ Ցավոք, ես որոշ ժամանակ բաց կթողնեմ վնասվածքի պատճառով։ Ես կվերադառնամ ավելի ուժեղ, քան երբևէ։ Ժամանակն է կողքից աջակցել տղաներին։ Մեզ դեռ շատ բան է սպասվում», — գրել է Դիալոն։
BBC-ի հաղորդմամբ՝ «Յունայթեդը» դեռևս փորձում է պարզել Դիալոյի վնասվածքի բնույթը, սակայն ապաքինումը կտևի շաբաթներ, և 22-ամյա ֆուտբոլիստը իսկապես կարող է չվերադառնալ մինչև մրցաշրջանի ավարտը։
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում վնասվածքներ են ստացել նաև «Յունայթեդի» կիսապաշտպաններ Կոբի Մայնուն, Մանուել Ուգարտեն և Տոբի Քոլիերը, միանալով Լիսանդրո Մարտինեսին, Լյուկ Շոուին, Մեյսոն Մաունթին, Ալթայ Բայընդիրին և Ջոնի Էվանսին։ Այնուամենայնիվ, նրանցից մի քանիսը կարող են վերադառնալ «Տոտենհեմի» դեմ կիրակնօրյա խաղին։