Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն իր գործակալների միջոցով հայտնել է ակումբի ղեկավարությանը, թե որքան գումար է ցանկանում վաստակել իր նոր պայմանագրով։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վինին այս պահին սպասում է «արքայական» ակումբի ղեկավարության պատասխանին։ Մադրիդի «Ռեալը» ի սկզբանե չէր պլանավորում քննարկել նրա պայմանագրի երկարաձգումը ձմռանը, սակայն ստիպված էր դա անել սաուդյան ակումբների կողմից աճող հետաքրքրության պատճառով:
Նշվում է, որ «սերուցքայինների» ղեկավարությունը ցանկանում է հավասարակշռություն պահպանել թիմի գլխավոր աստղերի՝ Վինիսիուսի, Կիլիան Մբապեի և Ջուդ Բելինգհեմի աշխատավարձերի միջեև։ Վինիսիուսն ու Մբապեն ներկայումս վաստակում են մոտ 15 միլիոն եվրո։ 24-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինին «Ռեալի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։