Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը X սոցիալական ցանցում։
Ըստ աղբյուրի՝ գերմանացին վնասվածքը ստացել է Դուբայում «զինագործների» մարզման ժամանակ։ Այս փուլում պարզ չէ՝ արդյոք ֆուտբոլիստին վիրահատություն կպահանջվի։
Հավերցը «Արսենալում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում հարձակվողական ոճի խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Կայի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt ինտերնետային պորտալը գերմանացի խաղացողի շուկայական արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: