«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է Մադրիդի «Ռեալի» իր նախկին թիմակից Մարսելոյին, որը այսօր՝ փետրվարի 6-ին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
«Եղբայրս, ինչ անհավանական կարիերա էր: Մենք միասին շատ բան ենք ապրել, տարբեր ձեռքբերումներ ենք ունեցել, հաղթանակներ ու անմոռանալի պահեր։ Ավելի քան թիմակից, դու ընկեր ես կյանքի համար: Շնորհակալություն ամեն ինչի համար։ Քեզ ամենայն բարիք եմ մաղթում քո կյանքի այս նոր փուլում»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։
Մարսելոն և Ռոնալդուն միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում» 2009-ից 2018 թվականներին։ Մադրիդյան ակումբի կազմում բրազիլացի պաշտպանը նվաճել է 25 գավաթ։