Մադրիդի «Ռեալի» լեգենդ և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ, 43-ամյա Իկեր Կասիլյասը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ հայտնվեցին նրա լուսանկարները նախկին պոռնոաստղ 28-ամյա Կլաուդիա Բավելի հետ, ինչպես նաև վերջինիս հարցազրույցը:
Ի թիվս այլ բաների, Կլաուդիան ասել է. «Եթե ինձ հարցնեք, թե ինչպիսի սիրեկան էր Իկերը, ես կպատասխանեմ, որ նա ավելի լավն էր որպես ֆուտբոլիստ»:
«Վերջին օրերին տեղի են ունեցել որոշ անընդունելի իրադարձություններ՝ անձնական լուրջ հետևանքներով։ Ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ 14 տարեկանից և հպարտ եմ, թե որքան մեծ սեր և աջակցություն են ցուցաբերել ինձ երկրպագուները։ Բայց մեդալի հակառակ կողմն էլ կա՝ հետաքրքրությունն իմ անձնական կյանքի նկատմամբ, որը միշտ ցանկացել եմ հեռու պահել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնից՝ պահպանելով գաղտնիությունը: Չնայած այս հետաքրքրությանը, ես ԵՐԲԵՔ չեմ քննարկել իմ անձնական կյանքը, հարցազրույցներ չեմ տվել այս թեմայով և չեմ փորձել գումար աշխատել անձնական PR-ից: Բացի այդ, ես միշտ խնդրել եմ հարգել դա և փորձել եմ խուսափել խոսակցություններից ու շահարկումներից։
Դժվար է համակերպվել այն փաստի հետ, որ որոշ մարդիկ, առանց ինձ նույնիսկ այդ մասին նախազգուշացնելու, գնում են ինչ-որ հաղորդումներ և այնտեղ խոսում իմ կամ իմ շրջապատի մասին։ Եթեր են հեռարձակվում վատ նկարահանված տեսանյութեր, մարդիկ, ովքեր ոչինչ չգիտեն քննարկվող թեմայի մասին, իրավունք ունեն մեկնաբանել, արտահայտել մտքեր և կարծիքներ իմ անձնական կյանքի մասին բոլորովին անհարգալից կերպով՝ ներխուժելով իմ անձնական տարածք և արատավորելով իմ պատիվը:
Ամեն ինչ չէ, որ արժե՝ հանդիսատես գրավելու համար, ամեն ինչ չէ, որ արժե հեշտ փող կամ համբավ ձեռք բերելու համար: Իրավիճակը հասել է նրան, որ այն դարձել է անընդունելի, և ես չեմ հանդուրժի իմ անձնական կյանքին հետագա միջամտությունը, իմ հեղինակությունը խաթարող գործողությունները. ես հանձնարարել եմ հետևողական լինել, որ ցանկացած նման դրսևորում պատժվի դատարանում: Ես դա անում եմ ինձ համար և իմ շրջապատի մարդկաց համար, ովքեր տուժել են այն ամենից, ինչ տեղի է ունենում, նրանց ձեռքով, ովքեր նման կերպ են վարվում՝ չանհանգստանալով իրենց գործողությունների հետևանքների համար»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։