Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ընդգրկվել 2024 թվականին ամենաշատ գումար վաստակած շախմատիստների վարկանիշային աղյուսակում։
Forbes-ը կազմել է այն շախմատիստների տասնյակը, որոնք անցյալ տարի ստացել են ամենամեծ մրցանակային գումարները։ Դրանում ներառվել է Արոնյանը, որը վաստակել է ավելի քան 257 հազար դոլար։
«Հավերժ երիտասարդ Լևոնը հերթական անգամ ապացուցում է, որ դեռ վաղ է իրեն պայքարից դուրս համարելը։ ԱՄՆ-ի գավաթում Արոնյանի անսպասելի հաղթանակը նրան 90 հազար դոլար բերեց, իսկ հետո, ավանդույթի համաձայն, ցուցակը շարունակվեց Grand Chess Tour-ով և Champions Chess Tour-ով»,- Արոնյանի հաջողություններն է մեկանաբել Forbes-ը։
Նշենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Գուկեշ Դոմարաջուն, որը անցյալ տարի դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա վաստակել է ավելի քան մեկուկես միլիոն դոլար։ Երկրորդ տեղում Դին Լիրենն է՝ ավելի քան 1 միլիոն դոլարով: Լավագույն եռյակը եզրափակում է Մագնուս Կարլսենը, որը վաստակել է մոտ 700 հազար դոլար։