«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Էսպանյոլից» կրած պարտությունը (0:1):
«Մրցավարի՝ Ռոմերոյին Կիլիան Մբապեի նկատմամբ կոպիտ խախտման համար կարմիր քարտ չտալու որոշումը անբացատրելի է։ Ամենակարևորը ֆուտբոլիստին պաշտպանելն է, իսկ սա ակնհայտ խախտում էր, իսկապես կոպիտ իրավիճակ, որը կարող էր վնասվածքի պատճառ դառնալ։
Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, բայց ռիսկ կար։ VAR-ը հենց դրա համար էլ գոյություն ունի։ Մենք համարում ենք, որ կարմիր քարտ չտալու որոշումը անհասկանալի է։
Խախտման պահը
Դժվար, ծանր խաղ էր։ Որոշ բաներ մենք լավ արեցինք, հատկապես երկրորդ խաղակեսում լավ վերահսկում էինք հանդիպման ընթացքը։ Մեզանից մեկ գոլ չեղարկեցին, մեկ անգամ էլ դիպանք դարպասաձողին և 20 հարված կատարեցինք դարպասին։ Խաղը մեր վերահսկողության տակ էր, սակայն «Էսպանյոլը», հիանալի գործելով հակագրոհներում, օգտվեց հնարավորությունից և գոլ խփեց։ Նրանք հասան այն խաղին, որը ցանկանում էին»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
Հանդիպման տեսությունը
«Ռեալը» (49 միավոր) շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Կառլո Անչելոտիի թիմը 2025 թվականին առաջնությունում առաջին անգամ պարտվեց։ Մինչ այս, վերջին անգամ Մադրիդի թիմը պարտություն էր կրել դեկտեմբերի 4-ին՝ Բիլբաոյի «Աթլետիկից» 19-րդ տուրում։
«Էսպանյոլը» (23 միավոր) բարձրացավ մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղ։