Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FFF) որոշել է այս շաբաթ օրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները սկսել լռության րոպեով՝ ի հիշատակ 14-ամյա Էլիասի, ով սպանվել է հունվարի 24-ին Փարիզի «Ժյուլ-Նոել» մարզադաշտի մոտ:
Էլիասը, վերադառնալով մարզումներից, դարձել է երկու անչափահասների հարձակման զոհ, որոնք փորձել են գողանալ նրա բջջային հեռախոսը: Նրանք բազմաթիվ դանակի հարվածներ են հասցրել պատանուն, ինչը հանգեցրել է նրա մահվան:
Էլիասի ընկերը օգնել է ոստիկանությանը նույնականացնել 16 և 17 տարեկան երկու կասկածյալներին, որոնց դեմ այսօր մեղադրանք է առաջադրվել՝ կապված բռնությամբ շորթման և անչափահասի նկատմամբ բռնության հետ:
FFF-ի հայտարարության մեջ ասվում է. «Այս ողբերգությունը, չնայած այն կապ չունի ֆուտբոլի հետ, ցավ է պատճառել ֆուտբոլային համայնքին: Մենք աջակցություն ենք հայտնում Էլիասի ծնողներին և նրա մերձավորներին»:
Լռության րոպեն կկատարվի բոլոր մարզադաշտերում՝ ի հիշատակ Էլիասի և որպես բռնության դեմ ուղերձ: