Սկանդալները «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակվում են։ «Կարմիր սատանաների» երկրպագուները լիահույս էին, որ նոր սեփականատեր Ջիմ Ռեդկլիֆը կփրկի ակումբը Գլեյզերների ընտանիքից, որոնց մեղադրում էին ակումբի վիճակը վատացնելու մեջ։ Սակայն Ռեդկլիֆը նույնպես շատ շուտով հայտնվեց քննադատության կենտրոնում։
Նոր սեփականատերը որոշել է կրճատել ակումբի ծախսերը՝ նվազեցնելով աշխատակիցների թիվը, կրճատելով հավելավճարները և դադարեցնելով սըր Ալեքս Ֆերգյուսոնի աշխատավարձի վճարումը։ Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է կառուցել 200 հազար ֆունտ արժողությամբ պատ՝ մարզաբազայում թիմին օտար աչքերից պաշտպանելու համար, ինչը ևս զայրացրել է ակումբի երկրպագուներին։
Ավելին, ակումբի սոցիալական ցանցերում երկրպագուները նկատել են, որ Ամադ Դիալոյի հագուստի տարբերանշանը սխալմամբ տպագրված է հայելային արտացոլանքով։ Դա ևս սրել է իրավիճակը։