Լեհական «Պոգոնը» հրաժեշտ է տվել թիմի առաջատար, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանին, որը կարիերան կշարունակի Վարշավայի «Լեգիայում»:
«Դու նվաճեցիր մեր սրտերը: Հաջողություն քեզ, ընկե՛ր»,- ասվում է «Պոգոնի» տարածած հաղորդագրության մեջ:
Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ մինչև 2027 թվականի ավարտը։
«Լեգիան» ամենատիտղոսակիր ակումբն է Լեհաստանի առաջնությունում․ թիմը ռեկորդային՝ 15 անգամ դարձել է առաջնության չեմպիոն, ռեկորդային՝ 20 անգամ դարձել է գավաթակիր, 5 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև լեհական թիմերի շրջանում լավագույն արդյունքներն է ցուցադրել եվրագավաթներում․ 1969/70 մրցաշրջանում թիմը հասել է Չեմպիոնների գավաթի մրցաշարի (ՉԼ) կիսաեզրափակիչ, իսկ 1995/96 մրցաշրջանում՝ քառորդ եզրափակիչ։
25-ամյա կիսապաշտպանը «Պոգոնում» հանդես է եկել 2022 թվականից։ Այս ընթացքում նա լեհական ակումբի կազմում անցկացրած 112 խաղում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։