«Սևիլյան» պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի 22-ամյա կենտրոնական պաշտպան Կիկե Սալասի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը ձերբակալվել է իսպանական Լա լիգայի խաղերում կանխամտածված զգուշացումներ ստանալու կասկածանքով, որպեսզի ընկերները գումար վաստակեն խաղադրույքների միջոցով։
«Մեր թիմի խաղացող Կիկե Սալասի հետ կապված այսօր տեղի ունեցածից հետո ակումբը ցանկանում է արձանագրել մեր լիակատար աջակցությունը իրավական գործընթացի նկատմամբ, ինչպես նաև կոչ ենք անում հաշվի առնել խաղացողի անմեղության կանխավարկածը:
Մենք նաև հայտարարում ենք, որ դատապարտում ենք սպորտի աշխարհում ցանկացած խարդախ գործունեություն, մասնավորապես այն, որը կարող է ազդել մրցումների ամբողջականության վրա»,- նշված է հայտարարությունում։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Սալասը ստացել է 10 դեղին քարտ, որոնցից 7 եղել են մարտ, ապրիլ և մայիս ամիսների 9 խաղերի ընթացքում։