Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է կատալոնական «Բարսելոնային» վճարել 50 միլիոն եվրո՝ «բլաուգրանայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ձեռք բերելու համար: Այս մասին իր կայքում հայտնում է լրագրող և ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ Արաուխոն մնում է թուրինցիների առաջին ընտրությունը, ովքեր այժմ սպասում են կատալոնացիների պատասխանին՝ բանակցություններ սկսելու համար:
Նշվում է, որ նրանց համար երկրորդ տարբերակը «Բենֆիկայի» պաշտպան Անտոնիո Սիլվայի տրանսֆերն էր։ Սակայն ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն տեղեկացրել է իտալական թիմին, որ նման տրանսֆերն ամբողջությամբ արգելափակված է պորտուգալական կողմից։
Ուրուգվայցի պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Արաուխոն ավելի վաղ մերժել էր ակումբի մի քանի առաջարկ՝ երկարաձգելու պայմանագիրը։ Այս մրցաշրջանում Արաուխոն մասնակցել է Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ հանդիպման, որում կատարել է գոլային փոխանցում։
Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի գնահատված արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։