Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» 34-ամյա աջ պաշտպան Կայել Ուոքերի ծառայություններով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (2:5) «սերուցքայիններն» էլ ավելի են համոզվել պաշտպանական գիծը, հատկապես՝ աջ եզրն ուժեղացնելու անհրաժեշտության մեջ։ Ընդգծվում է, որ Ուոքերի տարբերակը նույնպես սկսել է դիտարկվել այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալը» հասկացավ, որ ձմռանը չի կարող ձեռք բերել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։
Ընթացիկ մրցաշրջանում Ուոքերը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 18 հանդիպման` աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։ Ավելի վաղ նշվում է, որ մանչեսթերյան գրանդը պատրաստ է անվճար բաց թողնել անգլիացուն։