«Նոթինգհեմ Ֆորեսթի» հարձակվող Քրիս Վուդն այս մրցաշրջանում մտել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկի» պայքարի մեջ՝ «անտառապահների» կազմում 17 խաղում խփելով 10 գնդակ։
Սակայն, ինչպես պարզվել է, 33-ամյա հարձակվողը վաղուց արդեն առանձնանում է իր գոլային որակներով՝ գերազանցելով անգամ ԱՊԼ-ի որոշ աստղերի։
Վուդը Պրեմիեր լիգայի 244 խաղերում խփել է 79 գոլ՝ շրջանցելով Գարեթ Բեյլին (166 խաղում 53 գոլ), որն արդեն ավարտել է կարիերան։ Բացի այդ, նորզելանդացին այդ ցուցանիշով շրջանցել է նաև Պյեր-Էմերիկ Օբամեյանգին (143 խաղում 69 գոլ)։
Միաժամանակ, կան ֆուտբոլիստներ, որոնք ընթացիկ մրցաշրջանում կարող են մրցել Վուդի հետ։ Դրանք են «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը (226 խաղում 75 գոլ) և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն (270 խաղում 70 գոլ)։
Վուդը հանդես է եկել նաև «Նյուքասլ», «Բարնլի», «Լեսթեր» և «Վեսթ Բրոմվիչ» ակումբներում։