«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը, որը «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում անվրեպ է իրացրել 11-մետրանոցը, ԱՊԼ-ում ակումբային ռեկորդ է սահմանել 11-մետրանոցից խփած գոլերի քանակով։ Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներն» այդ խաղում 2։1 հաշվով հաղթանակ են տարել։
Այսպիսով, պորտուգալացին Անգլիայի Պրեմիեր-լիգայում 25 11-մետրանոցներից հաջող է իրացրել 21-ը: Այս ցուցանիշով Ֆերնանդեշը գերազանցել է մանկունիանցիների լեգենդ Ուեյն Ռունիի ռեկորդը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 20 անգամ է գոլ խփել 11-մետրանոցից՝ միաժամանակ 28 փորձ կատարելով։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 16 խաղում վաստակել է 22 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։