Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը մի շարք նվաճումների հասավ ընթացիկ տարում։
25-ամյա ծանրորդը ընթացիկ տարվա ընթացքում նվաճեց 3 ոսկի և մեկ արծաթ։
Նախ Լալայանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային կարգում երկամարտի 455 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Հաջորդը՝ Քաթարի Գրան Պրին էր, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Այստեղ նույնպես հայ ծանրորդը չուներ իրեն հավասարը և 441 կգ երկամարտի արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր։
Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Լալայանը շատ մոտ էր օլիմպիական ոսկուն, սակայն մի փոքր չբավականեցրեց։ Վարազդատը երկամարտում գրանցեց 467 կգ արդյունք՝ ընդամենը 3 կգ զիջելով չեմպիոն դարձած Լաշա Տալախաձեին։
Եվ տարվա վերջին մրցաշարում՝ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված աշխարհի առաջնությունում Վարազդատը կրկին ապացուցեց բարձր կարգը՝ երկամարտի 467 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն։