«Աստանայի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը մեկնաբանել է Լոնդոնի «Չելսիի» դեմ սպասվող հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում։
«Դիտել եմ «Չելսիի» մարզչի մամուլի ասուլիսը, որտեղ նա նշեց, որ մեր դեմ կխաղան այն ֆուտբոլիստները, որոնք մասնակցում են Կոնֆերենցիաների լիգային։ Նա դա չի կոչում երկրորդ կազմ, քանի որ թիմը առաջնությունում խաղում է մեկ կազմով, իսկ Կոնֆերենցիաների լիգայում՝ մյուս։ Մենք չենք կենտրոնանում, թե ինչ առավելություն ունենք, բայց փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք նրանց խաղալ իրենց ուժերով»,- Բաբայանի խոսքերն է փոխանցում Meta-ratings.kz-ը։
Հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, Ալմաթիի Կենտրոնական մարզադաշտում։ Խաղի սկիզբը նախատեսված է երևանյան ժամանակով 19:30-ին։
Էնցո Մարեսկայի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 12 միավոր։ «Աստանան» զբաղեցնում է 23-րդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 4 միավոր։