Դեկտեմբերի 9-ին Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական հանդիպում՝ վաղամեռիկ ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին։ Հանդիպեցին ֆուտբոլի Հայաստանի և Ռուսաստանի վետերանների հավաքականները։ Հանդիպման աջակիցն էր Յունիբանկ ԲԲԸ-ն։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Գևորգ Կասպարովը, Ֆելիքս Խոջոյանը, Արթուր Քոչարյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Ոսկանյանը, Համլետ Մխիթարյանը, Ալեքսանդր Թադևոսյանը, Վահագն Այվազյանը և այլք, իսկ մեր թիմի ղեկավարն անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Սամվել Ղասաբօղլյանն էր։
Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների միության թիմի կազմում հանդիպմանը մասնակցեցին Չեմպիոնների լիգայի գավաթակիր Դմիտրի Ալենիչևը, Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Եգոր Տիտովը, Դմիտրի Խլիստովը, լեգենդար դարպասապահ Ռինատ Դասաևը և այլ հայտնի աստղեր։ Թիմի մարզիչն էր լեգենդար Օլեգ Ռոմանցևը, իսկ Ռուսաստանի հավաքականի գործողությունները ղեկավարում էր Ռուսաստանի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
Հանդիպման արդեն 6-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Քոչարյանը, սակայն երկու րոպե անց Վիտալի Բուլիգան հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։ Քիչ անց՝ 12-րդ րոպեին, Բուլիգան դուբլ ձևակերպեց, իսկ րոպե անց իր երկրորդ գոլը խփեց նաև Հայաստանի 2009 թվականի առաջնության լավագույն ռմբարկու Քոչարյանը։ Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Երկրորդ խաղակեսում՝ 48-րդ րոպեին, հյուրերը կրկին առաջ անցան հաշվի մեջ․ այս անգամ աչքի ընկավ Անդրեյ Մուրնին, իսկ 58-րդ րոպեին Բուլիգան արդեն հեթ-տրիկ գրանցեց։ Մրցավարի՝ հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից հետո մարզադաշտի լուսատախտակին հաշիվը 4-2 էր՝ հօգուտ Ռուսաստանի վետերանների հավաքականի։
«Հանդիպումը նվիրված էր որդուս հիշատակին»,- հանդիպումից հետո ասաց Սամվել Ղասաբօղլյանը․ «շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միությանը, նախագահ Ալեքսանդր Միրզոյանին, որ մեծ ցանկությամբ համաձայնվեցին գալ՝ այս հանդիպումն անցկացնելու համար։ Երեկ են եկել տղաները, ամբողջ օրը միասին ենք անցկացրել, հիշել ենք հին ու նոր օրերը։ Խորհրդային Միության ժամանակ ֆուտբոլային մթնոլորտն այլ էր, Եվրոպայում նման բան այսօր էլ չկա։ Երևանում տոն էին «Արարատի» հանդիպումները, մարզադաշտում 50-55 հազարից պակաս հանդիսական չկար, ոչ ոք չէր աշխատում, բոլորը սպասում էին հանդիպմանը։
Ցանկությունը մեծ է՝ ամեն տարի անցկացնել նման հանդիպում, ամռանը, եթե հաջողվի, կցանկանայինք հուշամրցաշար անցկացնել, օգոստոսի 9-ին»։
«Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 25 տարի առաջ՝ ձեր հավաքականի հետ հանդիպմանը։ Այսօրվա հանդիպումը նվիրված էր Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին։
Հաճելի էր անցկացնել այս հանդիպումը, որ մենք եկանք, հայ վետերարանները հավաքվեցինք։ Այսօրվա խաղում կարևորն արդյունքը չէր, կարևորն այն էր, որ մենք ընկերներով, եղբայրներով հավաքվեցինք ու հարգեցինք Լևոնի հիշատակը»,- հանդիպումից հետո ասել է «Ռոմայի» ու «Պորտուի» նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Ալենիչևը։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել նաև Եվրոպայի առաջնության արծաթե, Օլիմպիական Խաղերի բրոնզե մեդալակիր Ռինատ Դասաևը։
«Լավ տրամադրություն է, լավ հանդիպում ստացվեց, ինձ դուր եկավ։ Մրցակիցն ուժեղ էր, միգուցե արագությունն այն չէր, բայց տեխնիկան ու հմտությունները դեռ տեղում էին։ Վերջին անգամ Հայաստանում եղել էի 10 տարի առաջ․ մեծ հաճույքով ևս մեկ անգամ կմասնակցեի այսպիսի հանդիպման»,- ասել է 1988 թվականի աշխարհի լավագույն դարպասապահը։
Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացել է 2020 թվականի օգոստոսին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան է, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» եւ «Ուլիս» թիմերում։ Զուգահեռաբար ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Ավարտելով կարիերան՝ Ղասաբօղլյանը դարձել է մարզիչ։ Աշխատել է «Փյունիկ» ակումբի մարզադպրոցում։ 2017-ին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։ 2020թ․ փետրվարին նա գլխավորել էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնթուստիկ» թիմը:
Հայաստանի և Ռուսաստանի վետերանների հանդիպումը՝ լուսանկարներով