Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստներ գնելու համար նախատեսել է ծախսել 240 միլիոն եվրո։
Թիմի համար, ըստ ԶԼՄ-ների, առաջնային են կենտրոնական կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերը ուժեղացնելը, ինպես նաև, հնարավորության դեպքում, նաև աջ պաշտպանի դիրքը։
Կենտրոնական կիսապաշտպանի դիրքն ուժեղացնելու համար Գվարդիոլայի թիմը դիտարկում է երեք առաջնային տարբերակ։ «Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակով զրկվել է կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսի ծառայություններից՝ ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։ Այս առումով «քաղաքաբնակները» սկսել են փոխարինող փնտրել «Ոսկե գնդակի» դափնեկրին։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Անգլիայի չեմպիոնը հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի և «Ատալանտայի» ներկայացուցիչ Էդերսոնի ծառայություններով։ Իսկ ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Մանչեսթեր Սիթին» հունվարին առաջարկ կանի «Քրիսթալ Փելասին» կիսապաշտպան Ադամ Ուորթոնին ձեռք բերելու համար։ Վերջինիս տրանսֆերն ամենահավանակն է թվում առաջիկա ձմռանը։ «Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետաքրքրվել նաև «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշով, հայտնում է TodoFichajes-ը։
«Վալենսիայի» կիսապաշտպան Պեպելուն, ըստ Football Transfers-ի, ևս «Մանչեսթեր Սիթիի» դիտակետում է: «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը» պատրաստ են պայքարել նաև Գաբրի Վեյգայի տրանսֆերի համար, ով հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հայտնում է Estadio Deportivo-ն:
Հոլանդին օգնական է պետք
Եթե կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար Գվարդիոլան ունի մի քանի հետաքրքիր տարբերակներ, ապա հարձակման գծում Հոլանդին փոխարինողի վերաբերյալ մամուլում այդքան էլ շատ անուններ չեն շրջանառվում։ Հոլանդը դեռ ոչ մի տեղ չի պատրաստվում տեղափոխվել, բայց ռոտացիան հարձակման գծում անգլիական թիմին չէր խանգարի։ Մամուլում շրջանառվում է Վիկտոր Դյորկերեշի անունը, բայց այս տարբերակը քիչ հավանական է թվում։ Ինչո՞ւ․․․ «Սպորտինգի» հարձակվողն այս պահին բազմաթիվ գրանդ ակումբների դիտակետում է, դժվար թե նա համաձայնի գլխավոր աստղի դերը փոխարինել մեկ այլ սկանդինավցի հարձակվողի փոխարինողի դերի հետ։ Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր նաև «Սելթիկի» հարձակվող Կյոգո Ֆուրուհաշիի տարբերակը, բայց վերջերս ճապոնացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության վերաբերյալ տեղեկություններ չկան։
Պաշտպանությունում ևս թարմացումներ են պետք
Այսօր մեկ հետաքրքիր ինսայդ հայտնվեց․ «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Caught Offside-ը։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: «Սիթին» դիտարկում է Տրենտին՝ որպես 34-ամյա Քայլ Ուոքերի երկարաժամկետ փոխարինողի: Պրեմիեր լիգայի չեմպիոնն արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ալեքսանդր-Առնոլդի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
«Մանչեսթեր Սիթին», ինչպես և «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը», հետաքրքրված է նաև «Ատալանտայի» պաշտպան Մատեո Ռուջիերի ծառայություններով, հայտնում է Transfer News Live-ը։
Նաև դարպասապա՞հ․․․
ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է հեռանալ ակումբից այս մրցաշրջանից հետո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա դարպասապահին չի բավարարում խաղաժամանակը փարիզյան ակումբում։ Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում է «Մանչեսթեր Սիթին», ինչպես նաև «Ինտերը», «Լիվերպուլը» և «Բավարիան»։