Ոստիկանությունն ազատել է Էկվադորի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պեդրո Պեռլասային 3 օր անց այն բանից հետո, երբ անհայտ անձինք առևանգել էին նրան, հաղորդում է El Comercio-ն։
Ըստ աղբյուրի՝ Պեռլասան դեկտեմբերի 1-ից կապ չէր հաստատել ընտանիքի հետ։ Հարազատները դեկտեմբերի 3-ին դիմել են իրավապահ մարմիններին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պեռլասային և ևս մեկ տղամարդու առևանգել էին Կոլումբիայի հետ սահմանին՝ տարածքում, որտեղ գործում են կազմակերպված հանցավոր խմբավորումներ։
— Նրանց հետ վատ էին վարվել, բայց նրանք ողջ են։ Փրկարարական գործողությունը տեղի է ունեցել Ատակամես ծովափնյա հանգստավայրում, — նշել է ոստիկանության ներկայացուցիչ Դիեգո Վելաստեգին։
Նշվում է, որ պատանդների ազատման ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում հանցագործները, ենթադրաբար, վիրավորվել են։
Պեռլասան երեք հանդիպում է անցկացրել Էկվադորի հավաքականի կազմում։ Նախորդ մրցաշրջանը նա հանդես է եկել էկվադորական «Դելֆին» ակումբում։