«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կիսվել է Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում թիմի խաղի մասին իր մտքերով։
Այս հանդիպման պարտությունը պորտուգալացու գլխավորությամբ առաջինն էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար. թիմը ոչ-ոքի էր գրանցել «Իպսվիչի» հետ (1:1), ինչպես նաև հաղթել էր «Էվերտոնին» (4:0) և «Բոդո-Գլիմտին» (3։2)։
«Ստանդարտ իրավիճակները փոխեցին հանդիպման ելքը: Անկյունայինների ժամանակ «Արսենալի» ֆուտբոլիստներից շատերը հավաքվել էին մեր դարպասապահի շուրջ, գրեթե անհնար էր պայքարել գնդակի համար։
«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է լավ հանդես գա պաշտպանությունում նման իրավիճակներում։ Մենք արդեն գիտենք, որ պետք է կատարելագործվենք»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։