Անտոնիո Պինտուսը պատասխանատու է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության համար: Եվ եթե մինչ վերջերս իտալացու աշխատանքը գովաբանում էին և կապում թիմի վերջին տարիների հաջողությունների հետ, հիմա իրավիճակը փոխվել է:
Առաջին թիմի 15 ֆուտբոլիստներ ստացել են վնասվածքներ, իսկ Դավիդ Ալաբան դեռ չի կարողանում վերականգնվել նախորդ մրցաշրջանից: Վնասվածքների այսքան մեծ քանակը լուրջ դժվարություններ է ստեղծել Կարլո Անչելոտիի համար և ազդել «Ռեալի» արդյունքների վրա: Հատկապես որոշ վնասվածքներ շատ լուրջ են։ Դանի Կարվախալն ու Էդեր Միլիտաոն այլևս չեն կարող խաղադաշտ դուրս գալ այս մրցաշրջանում:
Այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել ակումբին և նրա երկրպագուներին, այդ պատճառով բոլոր հայացքները հիմա ուղղված են Պինտուսի վրա: Նրա ֆիզիկական պատրաստվածության խիստ մեթոդները սկսեցին կասկածներ առաջացնել ղեկավարության, երկրպագուների և անգամ որոշ ֆուտբոլիստների շրջանում:
Այնուամենայնիվ, Կարլո Անչելոտին աջակցում է իր հայրենակցին, որին հանդերձարանում տվել են «սերժանտ» մականունը։ Պինտուսն անում է ամեն ինչ, որպեսզի ֆուտբոլիստները հասնեն լավագույն մարզավիճակին մրցաշրջանի կարևոր հատվածում՝ փետրվար-մարտ ամիսներին, երբ խաղասեղանին կդրվի տիտղոսների հարցը։
Անցյալում Պինտուսն արդեն ապացուցել է իր ճիշտ լինելը, երբ ակումբը ֆիզիկապես ավելի լավ վիճակում էր, քան իր մրցակիցները: