Չնայած վերջին ժամանակներս Սուպերլիգայի շուրջ մեծ աղմուկ չի եղել, նախագիծը դեռ շարունակում է գոյություն ունենալ, և դրա նախաձեռնողներից մեկը՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, վերջերս կրկին անդրադարձել է թեմային՝ հայտարարելով, որ սա եվրոպական ֆուտբոլում հեղափոխություն է։ Պերեսի հակառակորդը՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, պատասխանել է նրան։
Չեֆերինը մասնակցել է Եվրոպական միության երկրների սպորտի նախարարների համաժողովին, որի ընթացքում ընդգծել է եվրոպական ֆուտբոլում միասնությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, եթե այն խախտվի, փոքր լիգաներն ու ակումբները պարզապես կդադարեն գոյություն ունենալ։
«Հիշո՞ւմ եք, թե որքան էին վրդովվել, երբ եսասիրական ու պառակտող նախագիծը սպառնաց եվրոպական ֆուտբոլի մարզական մոդելին։ Որոշ մարզաձևերում դա արդեն տեղի է ունեցել, բայց մենք չենք կարող և թույլ չենք տա, որ դա կրկնվի եվրոպական ֆուտբոլում։
Եվրոպական և ներքին մրցաշարերի միջև կապը պետք է ամբողջությամբ պահպանվի։ Ներքին լիգաներում ամենամյա ելույթը պետք է մնա եվրագավաթներին որակավորվելու միակ չափանիշը։ Եթե այդ կապը խզվի կամ որևէ կերպ խեղաթյուրվի, դա կդառնա կործանարար դավաճանություն ներքին լիգաների՝ որպես եվրոպական ժառանգության առանցքային ասպեկտների նկատմամբ։
Փոքր ֆուտբոլային լիգաների և ակումբների համար սա գոյաբանական հարց է»,- մեջբերում է Չեֆերինի խոսքերը ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ամերիկացի սենատորները քննադատել էին ՖԻՖԱ-ին՝ Սաուդյան Արաբիային 2034 թվականի Աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տալու մտադրության համար։