Իսպանիայի հավաքականի և «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան կիսվել է լոնդոնցիների այս մրցաշրջանի նպատակների մասին իր կարծիքով, ինչպես նաև խոսել անգլիական այլ ակումբների հետ մրցակցության մասին։
«Մենք գիտեինք, որ եթե հաղթենք «Լեսթերին», կարող ենք ճնշում գործադրել մեր մրցակցի վրա և արեցինք դա։ Մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք պայքարել լավագույն քառյակում հայտնվելու համար։ Իմ կարծիքով, դա է այս մրցաշրջանի նպատակը, բայց մենք գիտենք, որ այս առաջնությունը բարդ է։ Մենք դժվար տարի ենք ապրել, և այժմ պետք է վստահել գործընթացին:
Իհարկե, մենք այստեղ ենք տիտղոսներ նվաճելու համար, բայց կարծում եմ, որ հիմա մի փոքր հեռու ենք թոփ թիմերից: Նրանք երկար ժամանակ աշխատում են միասին նույն մարզչի հետ ու նույն գաղափարներով։ Այս մրցաշրջանը սկսել ենք մի քանի ամիս առաջ:
Մենք, իհարկե, ցանկանում ենք մրցել բոլորի հետ, բայց դժվար է, չես կարող ամեն ինչ փոխել մեկ գիշերում։ Բայց մենք լավ ճանապարհի վրա ենք, պետք է հպարտանանք ինքներս մեզնով և շարունակենք առաջ շարժվել, ոչ թե հանգստանալ, որովհետև մենք տաղանդ ունենք, բայց մեզ անհրաժեշտ է հետևողականություն այս դիրքերում մնալու համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը: