Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 14-րդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնի «Լեգանեսի» հետ։ Հայտնի է դարձել, թե արդյոք «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կփոխի թիմի մարտավարությունն այս խաղում։
Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, իտալացի մասնագետը չի նախատեսում փոփոխել հարձակման գծում հանդես եկող ֆուտբոլիստների դիրքերը։ Անչելոտին շարունակելու է Վինիսիուսին դիրքավորել ձախ թևում, իսկ Մբապեին՝ կենտրոնական հարձակման գծում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացուն կարող են տեղափոխել հարձակման ձախ թև՝ նրա հնարավորություններից առավելագույնը ստանալու համար։ Ներկա պահին Մբապեն արդեն չորս խաղ անընդմեջ չի կարողանում գոլ խփել։
Հարկ է նշել, որ Ռոդրիգոն արդեն մարզվում է ընդհանուր խմբում, և ակումբի բժիշկներն ամեն օր գնահատում են նրա վիճակը։ Թիմի մարզչական շտաբում չեն բացառում Ռոդրիգոյի մասնակցությունը առաջիկա երկու խաղերում։
Հիշեցնենք՝ «Լեգանես» — «Ռեալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 21։30-ին։