«Լիոնի» սեփականատերը՝ ամերիկացի գործարար Ջոն Թեքստորը, ներկայացրել է իր ծրագիրը՝ թիմը Ֆրանսիայի առաջնության բարձրագույն լիգայում պահելու վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը պայմանականորեն հեռացվել է Լիգա 1-ի մասնակիցների ցուցակից և ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհայտնվի երկրորդ դիվիզիոնում՝ անկախ մրցաշրջանի արդյունքներից։ Դրա կանխարգելման համար «Լիոնը» պետք է մարի շուրջ 100 միլիոն եվրոյի պարտքը։ Ակումբի վրա նաև դրվել է տրանսֆերների արգելք։
Թեքստորը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին իր Eagle Football հոլդինգի հաշիվները, որի կազմում է նաև «Լիոնը», պետք է համալրվեն առնվազն 300 միլիոն եվրոյով: Խմբի ընդհանուր պարտքը, որին պատկանում են նաև «Մոլենբեկը» (Բելգիա) և «Բոտաֆոգոն» (Բրազիլիա), կազմում է 463,8 միլիոն եվրո:
Eagle Football-ը պլանավորում է վաճառել անգլիական «Քրիսթալ Փելասում» իր բաժնետոմսերը: Աճուրդի կդրվեն չորս փաթեթներ՝ ընդհանուր 200 միլիոն եվրո արժողությամբ: Նաև Eagle Football-ի շուրջ 100 միլիոն եվրո արժողությամբ բաժնետոմսերի մի մասը կտեղադրվի ֆոնդային բորսայում:
«Սա շատ ավելի մեծ գումար է, քան անհրաժեշտ է «Լիոնը» փրկելու համար: Ֆրանսիական ֆուտբոլի ֆինանսական կարգավորողը չէր ցանկանում հաշվի առնել մեր բաժնետոմսերի վաճառքը: Չեմ կարծում, որ մենք ձախողում կկրենք բոլոր մակարդակներում: Եթե այս բոլոր գումարները ստացվեն, մենք դրանք բոլորը չենք ներդնի «Լիոնում», այլ կբաժանենք այլ ստորաբաժանումների միջև: Մեր բաժնետերերն ունեն միջոցներ: Ոչ ոք թույլ չի տա, որ ակումբը դուրս մնա բարձրագույն լիգայից»,- մեջբերում է Թեքստորին RMC Sport-ը։
Բացի այդ, ֆրանսիական ակումբի սեփականատերը մտադիր է ներգրավել խաղացողների վաճառքից ստացված միջոցները և խնայել մնացած ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա:
«Լիոնը» Ֆրանսիայի 7-ակի չեմպիոն է: Ընթացիկ մրցաշրջանում թիմը 11 տուրից հետո 18 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: