Վերջին ժամանակներս բազմաթիվ ֆուտբոլիստներ դժգոհում են չափազանց խիտ խաղային գրաֆիկի պատճառով: Ազգերի լիգայի նոյեմբերյան խաղերից առաջ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ևս կիսվել է իր կարծիքով այս հարցի շուրջ:
Մասնագետի խոսքով՝ կարճ ժամանակահատվածում խաղերի մեծ քանակը կարող է վնասվածքների հանգեցնել, սակայն առանց դրա անհնար է պատկերացնել ֆուտբոլային աշխարհը, ինչպես նաև ֆուտբոլիստների և մարզիչների եկամուտները:
«Խաղերն իսկապես չափազանց խիտ են ժամանակային առումով: Վնասվածքները միշտ էլ կարող են լինել: Ի վերջո, ֆուտբոլային արդյունաբերությունը գոյատևում է որոշակի ֆինանսական հիմքի շնորհիվ: Եթե շատ մարքեթինգ կա, մենք բոլորս ստանում ենք այն աշխատավարձերը, որոնք ունենք հիմա: Ինձ համար դժվար է բողոքել այն բանի համար, որ խաղերի քանակը շատ է», – նշել է Նագելսմանը:
Վերջերս ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել էր խիտ օրացույցի վերաբերյալ քննադատություններին: Սլովենացի պաշտոնյան նշել էր, որ խաղերի մեծ քանակի միակ այլընտրանքը աշխատավարձերի կրճատումն է:
Ավելի վաղ «Ոսկե գնդակ-2024»-ի դափնեկիր Ռոդրին հայտարարել էր, որ ֆուտբոլիստները կարող են գործադուլ կազմակերպել ծանրաբեռնվածության պատճառով: ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն հաճախ են քննադատվում Չեմպիոնների լիգայի բարեփոխումների և նոր ակումբային աշխարհի առաջնության համար: