Մեքսիկացի 35-ամյա ֆուտբոլիստ Ջովանի դոս Սանթոսը, ով նախկինում հանդես էր եկել «Բարսելոնայի», «Տոտենհեմի» և այլ ակումբների կազմում, ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո հաջողությամբ զբաղվում է բիզնեսով, հայտնում է The Sun-ը։
Մեքսիկացին դարձել է Procura Mexico ընկերության ներդրող, որը հանդիսանում է պետական նավթային հսկա Pemex-ի մաս։ Այս ընկերությունը Լատինական Ամերիկայում չափերով երկրորդն է։ Նախկին ֆուտբոլիստը այս ներդրման շնորհիվ տարեկան վաստակում է 400-500 հազար ֆունտ։
Դոս Սանթոսի մյուս հաջող բիզնես ձեռնարկումն իր շքեղ մեքենաների վաճառքի բիզնեսն է Մեքսիկայում։ Պարզ է, որ նա հստակ գիտի, թե ինչպես ճիշտ ներդնել իր գումարները։
Թեև Ջովանին շատ մեծ հաջողությունների չէր հասել ակումբային ֆուտբոլում, նա նշանակալի ձեռքբերումներ է գրանցել ազգային հավաքականի կազմում։ Մեքսիկայի հավաքականի հետ դոս Սանթոսը դարձել է օլիմպիական չեմպիոն Լոնդոնի խաղերում։ Բացի այդ, նա երեք անգամ հաղթել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։
Մեքսիկացին ավարտել է իր կարիերան 2021 թվականին՝ հանդես գալով Մեխիկոյի «Ամերիկա» ակումբում։ Դրանից առաջ նա երեք տարի խաղացել էր «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում։