Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է «եռագույնների» հայտացուցակը Իսրայելի և Իտալիայի դեմ Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա խաղերի համար՝ ցանկից դուրս թողնելով ավագին՝ Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեին։
«Բազմիցս եմ կոշտ որոշումներ ընդունում, այս դեպքը բացառություն չէ։ Ամեն ֆուտբոլիստ ունի իր անհատականությունը։ Ֆուտբոլիստների ցանկը հրապարակելուց հետո ոչ բոլորն են գոհ մնում։ Նման որոշումներ ընդունելու պատասխանատուն ես եմ։ Պետք է ապրեմ այդ բեռով և ամեն անգամ ընդունեմ ավելի կամ պակաս կոշտ որոշումներ։ Կարևոր է միմյանց հասկանալ։
Ֆրանսիական և իսպանական մամուլի անդրադարձն այս թեմային
Քննարկել եմ այս իրավիճակը Մբապեի հետ։ Հանդիպումից հետո մտածեցի և որոշում կայացրի։ Կարծում եմ՝ այսպես ավելի լավ կլինի։ Չեմ պատրաստվում որոշումս քննարկման ենթարկել։ Կարող եմ ասել, որ նա ցանկանում էր գալ, իսկ այս իրավիճակը կապված չէ սպորտին չվերաբերող խնդիրների հետ, որոնցում գործում է անմեղության կանխավարկածը։ Ես այս կազմն ընտրել եմ առաջիկա խաղերի համար»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հոկտեմբերին 25-ամյա խաղացողը կրկին չէր հրավիրվել ազգային հավաքական՝ Բելգիայի ու Իսրայելի դեմ խաղերին։
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերի 14-ին տանը կընդունի Իսրայելին, իսկ 3 օր անց՝ նոյեմբերի 17-ին կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին։