ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադարձել է հայկական «Նոային» և պատմել ակումբի մասին՝ զրուցելով ակումբի սեփականատիրոջ, զարգացման տնօրենի ու ֆուտբոլիստների հետ:
««Նոան» այս մրցաշրջանում իր նորամուտն է նշում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում՝ մասնակցելով Կոնֆերենցիաների լիգային, և նպատակ ունի իր եվրոպական արշավով ներշնչել նոր դարաշրջան հայկական ֆուտբոլի համար: Անցնելով որակավորման բոլոր չորս փուլերը՝ «Նոան» հասավ Լիգայի փուլին, և 2024/25 թվականների ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության արդյունքում թիմի ներկայացուցիչներն անկասկած առանձնակի ոգևորությամբ ընդունեցին մեկ թիմի հետ դիմակայությունը։
«Նոայի» եվրոպական ուղու հաջորդ քայլը «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայանալիք խաղն է՝ դեմ առ դեմ հանդիպելով Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող «Չելսիի» հետ: Մինչ այդ հայաստանյան թիմը որակավորման փուլում անակնկալ հաղթանակ է գրանցել Աթենքի ԱԵԿ-ի նկատմամբ, իսկ խմբային փուլի մեկնարկային խաղում Երևանում հաղթել է Չեխիայի «Մլադա Բոլեսլավ» թիմին։
«Նոայի» սեփականատեր Վարդգես Վարդանյանի և զարգացման տնօրեն Աննա Օհանյանի համար «Չելսիի» դեմ խաղը ևս մեկ հնարավորություն է՝ առավելագույնս օգտվելու եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարերից մեկին մասնակցելու ընձեռած հնարավորություններից։
Բացի Կոնֆերենցիաների լիգայի թիմերի հետ խաղերից սովորելու հնարավորություն ունենալուց, կա նաև ցանկություն՝ սահմանել հայկական ֆուտբոլի համար նոր չափանիշներ։
Ստանդարտների բարձրացում «Նոայում»
«Նոայի» մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայում զգալիորեն բարձրացրել է ակումբի մակարդակը։
«Մեզ համար՝ որպես երիտասարդ ֆուտբոլային ակումբի, ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան խաղեր կազմակերպելը շատ հետաքրքիր փորձառություն էր: Մենք ոչ միայն սովորում ենք ՈՒԵՖԱ-ի ստանդարտներից, այլև այն ակումբներից՝ մեծ թե փոքր, որոնց հետ փոխազդում ենք այս ճանապարհին։ Այդ ակումբներն արդեն անցել են այս գործընթացներով: Մենք ձգտում ենք սովորել Կոնֆերենցիաների լիգայի ակումբների փորձից։ Այդ դասերը կուղղորդեն մեզ հաջողության ճանապարհին», – նշում է զարգացման տնօրեն Աննա Օհանյանը։
ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում խաղալը «Նոային» հնարավորություն է տալիս ներգրավելու ավելի շատ երկրպագուների հայկական ֆուտբոլում:
«Մարդիկ սովորաբար հետաքրքրված են ակումբային ֆուտբոլով, միայն եթե կան նշանակալի հաջողություններ, այլապես այն առօրյա կյանքի մաս չի կազմում»,- ասում է Օհանյանը,- Կարևոր է, որ ակումբային ֆուտբոլը դառնա նրանց առօրյա զրույցների մի մասը։ Մենք փորձում ենք լցնել մարզադաշտերը և հանդիպումները դարձնել համայնքի համար ավելի հետաքրքիր»:
Թիմի պաշտպան Սերգեյ Մուրադյանն էլ վստահ է, որ առաջիկա հանդիպումը «Չելսիի» հետ կարող է անհրաժեշտ հետաքրքրության կայծ վառել հայկական ֆուտբոլի նկատմամբ։
«Չելսին Կոնֆերենցիաների լիգայի ամենամեծ ակումբն է», — ասում է նա,- Մեր երկրպագուների համար հետաքրքիր կլինի։ Կարծում եմ, Հայաստանում բոլորը կդիտեն այս խաղը»:
Ապագայի պլանավորում
Հայաստանում ֆուտբոլի զարգացման աճի ֆոնին Վարդանյանը նպատակ ունի օգտվել այս առիթից՝ բարելավելով ենթակառուցվածքները։
«Ակումբում մեծ ներդրումներ ու շինարարական աշխատանքներ են պլանավորվում: Մենք փորձում ենք ստեղծել համաշխարհային մակարդակի, լիարժեք սարքավորումներով, ժամանակակից մարզումային կենտրոն։ Միևնույն ժամանակ, կա շատ աշխատանք՝ 20,000 տեղանոց մարզադաշտ կառուցելու ուղղությամբ, որը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի պահանջներին: Դա մեզ թույլ կտա հյուրընկալել բոլոր մրցաշարերի հանդիպումներ։ Դա մեր երազանքների մեծ մասն է։ Հույս ունենք, որ մի օր բոլորս միասին կվայելենք այդ մարզադաշտը», — նշում է Վարդանյանը։
Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի «Նոայի» խաղը «Չելսիի» և մյուս թիմերի դեմ այս մրցաշրջանում, նրանց եվրոպական ուղին իր հետ կտանի ստանդարտների բարձրացման ժառանգություն, հետաքրքրության աճ հայկական ֆուտբոլի նկատմամբ և ենթակառուցվածքների զարգացման հնարավոր ներդրումներ»,- ասվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում: