Ավստրիական հեղինակավոր Sky Sport Austria պարբերականն անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ․ խաղարկությունում Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ելույթներին, ինչպես նաև առանձնացրել է երևանյան ակումբի ուժեղ և թույլ կողմերը։
Մրցող թիմերի միջև հանդիպումն այսօր է՝ հոկտեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 20։45-ին։
Նախ ավստրիական պարբերականը համեմատել է մրցող թիմերի՝ «Ռապիդի» և «Նոայի» շուկայական արժեքները։
Շուկայական արժեքի համեմատությունը ցույց է տալիս «Ռապիդի» ակնհայտ առավելությունը: Վիեննան ներկայացնող թիմի շուկայական արժեքը կազմում է 41,50 միլիոն եվրո, իսկ «Նոայինն» ընդամենը 7,76 միլիոն եվրո է՝ «Ռապիդի» արժեքի մոտ հինգ անգամ ավելի քիչ (արժեքները՝ ըստ transfermarkt-ի):
«Նոայի» ուժեղ կողմերը՝ ըստ Sky Sport Austria-ի
«Նոան» մարզում է պորտուգալացի Ռուի Մոտան, որն իր թիմից պահանջում է բարձր ճնշում և հարձակողական ֆուտբոլ: Առաջնության 8 խաղում խփած 23 գոլերով «Նոան» այս պահին երկրորդն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում խփած գոլերի քանակով՝ անցկացնելով 2 խաղ ավելի քիչ, քան խփած գոլերով առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան», որն իր ակտիվում ունի 24 գոլ: Մոտան ցանկանում է վերահսկել խաղը և ապավինում է գնդակին տիրելուն: Միջին հաշվով այս կատեգորիայում «Նոան» հավաքել է 59 % միավոր:
Ակումբը կարող է հույս դնել նաև ամուր պաշտպանության վրա։ Ընթացիկ մրցաշրջանում մինչ այժմ «Նոան» ընդամենը 6 գոլը է բաց թողել, ինչը առաջնության լավագույն արդյունքն է: Առաջնության 8 խաղերից 4-ում հայկական թիմը գոլ բաց չի թողել։ Սա նաև դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի շնորհիվ է։ Նա ակումբին միացել է նախորդ ձմռանը՝ հանդիսանալով Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը։
«Նոայի» թույլ կողմերը՝ ըստ Sky Sport Austria-ի
«Ռապիդի» մրցակցի ամենամեծ թույլ կողմը բազմաթիվ անհատական սխալներն են, որոնք ակնհայտ շատ են եղել ողջ մրցաշրջանի ընթացքում: Մրցաշրջանի առաջին 8 խաղերում «Նոան» իր դարպասին 26 հարված է բերել իր խաղացողների անհատական սխալների հետևանքով: Բարձր պրեսինգի և հարձակողական խաղաոճի շնորհիվ հայերը խոցելի են նաև հակագրոհների ժամանակ։
Ամռանը «Նոայում» մեծ փոփոխություններ եղան․ թիմից հեռացան 20 խաղացողներ և համալրվեցին 17 նոր, ավելի բարձրակարգ խաղացողներով։ Ըստ այդմ, խաղացողների միջև դեռ համակարգվածության պակաս կա հատկապես մրցաշրջանի առաջին փուլում։
Հնարավոր X-Factor՝ Վիրջիլ Պինսոն
Տեխնիկապես ուժեղ ձախ եզրային հարձակվողն իր դրիբլինգի ուժով և արագությամբ կարող է մեծ խնդիրներ ստեղծել ավստրիական ակումբի պաշտպանների համար: Ֆրանսիացին, որը նաև Կամերունի քաղաքացիություն ունի, ժամանակին «Անթալյասփորում» խաղացել է համաշխարհային մակարդակի նախկին հարձակվող Սամուել Էտո’Օյի հետ: