Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի դեմ ռասիստական ատելության արշավի չորս ենթադրյալ կազմակերպիչների : Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նշվում է, որ հետաքննությունը սկսվել է Լա լիգայի բողոքներից հետո։ Ձերբակալվածները սոցիալական ցանցերում Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուներին կոչ են արել այցելել մարզադաշտ և ռասայական վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնել բրազիլացու հասցեին։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Լա լիգայի 8-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում (1:1)։ Հանդիպումից հետո «Ատլետիկոյի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, այդ թվում՝ տրիբունաների մասնակի փակումը։