«Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզադաշտի արժեքը կարող է գերազանցել 2 միլիարդ ֆունտ ստերլինգը։
ESPN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ներկայիս մարզադաշտը վերակառուցելու կամ հին մարզադաշտի տեղում նորը կառուցելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։
Ակումբի սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆի կողմից ստեղծված աշխատանքային խումբը, ներառյալ լորդ Սեբաստիան Քոուն և Գարի Նևիլը, պետք է իրենց առաջարկը ներկայացնեն մինչև տարեվերջ:
Ծրագրի արժեքը կարող է գերազանցել 2 միլիարդ ֆունտ ստերլինգը, սակայն դրա ֆինանսավորման աղբյուրները դեռ հայտնի չեն։ Նշվում է, որ Ռեթքլիֆը ցանկանում է «Օլդ Թրաֆորդի» տեղում 100 հազար նստատեղ ունեցող նոր մարզադաշտ կառուցել։ Միաժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պնդում է, որ որոշումներ չեն կայացնի այնքան ժամանակ, քանի դեռ երկրպագուներն իրենց կարծիքը չեն հայտնել։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում այժմ ամենամեծ մարզադաշտը «Ուեմբլին» է, որը տեղավորում է 90 հազար հանդիսական։