Իտալացի Իզաբելլա Ինտերնոն 16 տարվա ազատազրկման է դատապարտվել ֆուտբոլիստ Դենիս Բերգամինիի սպանության համար, որը կատարվել է գրեթե 35 տարի առաջ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Դատավարությունը տեղի է ունեցել իտալական Կոզենցա քաղաքում։ Բերգամինին 1980-ականներին հանդես է եկել տեղի համանուն ակումբում։ 1989 թվականին նրա մարմինը հայտնաբերվել է Ռոզետո Կապո Սպուլիկո կոմունայի մոտ գտնվող մայրուղու վրա: Այդ ժամանակ մարզիկը 27 տարեկան էր։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ ֆուտբոլիստին հարվածել է բեռնատարը, սակայն 2017 թվականին նրա մարմինը արտաշիրիմել են հետագա փորձաքննության համար, ինչի արդյունքում պարզվել է, որ Բերգամինին խեղդամահ են արել, ապա գցել բեռնատարի տակ։
Հաղորդվում է, որ Ինտերնոն հղիացել է ֆուտբոլիստից, սակայն հետո հեռացրել է պտղին քանի որ Բերգամինին լքել է նրան ու հրաժարվել ամուսնանալ։ Սա համարվում է սպանության հիմնական դրդապատճառը։