«Լիվերպուլի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պարգևատրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային շքանշանով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար։
Ինչպես հաղորդում է Bild-ը, այս մրցանակի հանձնումը համընկել է Գերմանիայի միասնության տոնական օրվա հետ, որը տեղի է ունենում հոկտեմբերի 3-ին։
Կլոպի մեդալին կից գրառման մեջ ասվում էր. «Հաջողությունն ու հռչակը նրան երբեք չեն խանգարել յուրաքանչյուր մարզիկի մեջ տեսնել մարդուն»:
Պետական մրցանակը գերմանացի մարզչին հանձնել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Հիշեցնենք, որ Կլոպը «Բորուսիան» գլխավորել է 2008-ից 2015 թվականներին։ Այս ընթացքում դորտմունդցիները երկու անգամ դարձել են Գերմանիայի չեմպիոն։ 2015-ից 2024 թվականներին Կլոպը եղել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ, որի հետ հաղթել է Չեմպիոնների լիգան և Անգլիայի առաջնությունը։