«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ռոդրիի վնասվածքը։ Իսպանացին վնասվածք էր ստացել սեպտեմբերի 22-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Արսենալի» (2:2) դեմ կայացած խաղում։
«Ռոդրին կբացակայի երկար ժամանակով։ Կա տարբերակ, որ նրա ապաքինումն ավելի կարճ ժամկետներում կլինի, քան մենք մտածում էինք։ Հիմա սպասում ենք հիվանդանոցի վերջնական հեռախոսազանգին»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում BBC Sport-ը։
Համաձայն տեղեկությունների՝ 28-ամյա ֆուտբոլիստը խաչաձև կապանների վնասվածք ունի, ինչի պատճառով վերջինս բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանը։
Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «քաղաքաբնակների» հետ լրանում է 2027 թվականին։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 130 մլն եվրո։