Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի հանդիպումները։
Առաջատար «Վանը» Ձորաղբյուրի մարզաբազայում հյուրընկալվել է «Մասիսի» կողմից և 3 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը։
Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում գոլեր են հեղինակել Գերման Բերեզկին, Էզա Կուասի Ուիլֆրեդը և Միհրան Պետրոսյանը։
Այս հաղթանակի շնորհիվ Կարեն Բարսեղյանի թիմը վաստակած 28 միավորով գլխավորում է Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը։

Նույնքան միավոր ունեն նաև «Վեստ Արմենիան» (որն այս տուրը բաց է թողել) ու «Լոկոմոտիվը»։
Վերջինս այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանում մրցել է «Փյունիկ-2»-ի հետ ու 4։0 հաշվով հաղթանակ է տարել։
Իրենց ակտիվում գոլեր են գրանցել Եվգենի Զախարչենկոն, Ալեքսեյ Բոյկոն, Իգոր Բիկովսկին և Կարապետ Մանուկյանը։

12-րդ տուրի մյուս խաղում «Սևանը» Ձորաղբյուրի մարզաբազայում ընդունել է «Արագածին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Միակ ու հաղթական գնդակն իր ակտիվում գրանցել է Արամ Լոռեցյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։
Այս հաղթանակի շնորհիվ Սևան քաղաքը ներկայացնող թիմը 12 խաղից հետո վաստակած 22 միավորով Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Արագածը» 14 միավորով գտնվում է 10-րդ տեղում։

12-րդ տուրի ևս մեկ հանդիպում կայացել է Սիսիանում։ «Արարատ-Արմենիա-2»-ը հյուրընկալվել է «Լեռնային Արցախի» կողմից և 2։1 հաշվով հաղթանակ է տարել։
Երևանյան թիմի կազմում գոլեր են հեղինակել Պատվական Ավետիսյանն ու Արամ Խամոյանը, իսկ «Լեռնային Արցախի» կազմում մեկ գնդակ ետ է բերել Արսեն Սարգսյանը՝ 58-րդ րոպեին իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա-2»ն, իր միավորների թիվը հասցնելով 22-ի, մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Իսկ «Լեռնային Արցախը» 11 միավորով գտնվում է 13-րդ տեղում։
Տուրի մյուս խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին ու ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտել հանդիպումները։
Հանդիպման հաշիվը խաղի 54-րդ րոպեին բացել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը, 7 րոպե անց Հրաչյա Գեղամյանը հավասարեցրել է հաշիվն ու փրկել իր թիմին պարտությունից։
«Ուրարտու-2»-ն այս հաղթանակից հետո 21 միավոր ունի իր ակտիվում ու մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ ԲԿՄԱ-ն 16 միավորով 8-րդն է։

Տուրի ամենագոլառատ հանդիպումը կայացել է Դիլիջանում։ Քաղաքի համանուն ակումբը հյուրընկալել է «Ալաշկերտ-2»-ին և 0։7 հաշվով ջախջախիչ պարտություն կրել։
Սերգեյ Էրզրումյանի գլխավորած թիմի կազմում աչքի են ընկել Արթուր Եդիգարյանը, Միհրան Դերմենջյանը, Դավիթ Ղանդիլյանը (2), Նիկիտա Տանկովը, Ախմեդ Ջինդոյանը և Էդուարդ Ավագյանը
Նշենք՝ Դիլիջանը ներկայացնող ակումբը 10 խաղում արդեն 48 գոլ է բաց թողել՝ խփելով միայն 9-ը։ Թիմը 3 միավոր ունի իր ակտիվում ու Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Իսկ «Ալաշկերտ-2»-ը 11 խաղից հետո վաստակած 20 միավորով գտնվում է 7-րդ տեղում։
12-րդ տուրի մյուս խաղում «Տորպեդոն» Երևանի «Փյունիկ» մարզադպրոցում հյուրընկալվել է «Անիի» կողմից և 2։1 հաշվով հաղթանակ է տարել։
«Տորպեդոյի» կազմում խփած գոլերով աչքի են ընկել Օսման Սուլեյմանովն ու Մասատոու Չիբան, իսկ «Անիի» կազմում մեկ գնդակ ետ է բերել Հրաչյա Յարդումյանը՝ գոլի հեղինակ դառնալով խաղավարտից 10 րոպե առաջ։
Այս հաղթանակի շնորհիվ «Տորպեդոն» իր միավորների թիվը հասցրել է 15-ի և Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Իսկ «Անին» 12 խաղից հետո վաստակած ընդամենը 2 միավորով եզրափակում է աղյուսակը։

12-րդ տուրի ևս մեկ հանդիպում կայացել է Գյումրիում։ «Շիրակ-2»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Արարատ-2»-ին և ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտել հանդիպումը։
Խաղի հաշիվն արդեն 14-րդ րոպեին բացել է «Շիրակի» ֆուտբոլիստ Գևորգ Վարդիկյանը։ «Արարատ-2»-ը պարտությունից կարողացել է խուսափել Դավիթ Բաղդասարյանի՝ 90-րդ րոպեին իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։
Այս հանդիպումից հետո «Շիրակ-2»-ը 10 միավոր ունի իր ակտիվում և մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է գտնվում, իսկ «Արարատ-2»-ը 14 միավորով 11-րդն է։
ՀՀ Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ընդհանուր առմամբ այս տեսքն ունի՝
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
1. | Վան | 11 | 9 | 1 | 1 | 35 | 9 | 28 |
2. | Լոկոմոտիվ | 11 | 9 | 1 | 1 | 29 | 12 | 28 |
3. | Վեստ Արմենիա | 11 | 9 | 1 | 1 | 32 | 17 | 28 |
4. | Սևան | 12 | 6 | 4 | 2 | 18 | 13 | 22 |
5. | Արարատ-Արմենիա-2 | 11 | 7 | 1 | 3 | 22 | 19 | 22 |
6. | ՈՒրարտու-2 | 12 | 6 | 3 | 3 | 30 | 8 | 21 |
7. | Ալաշկերտ-2 | 11 | 6 | 2 | 3 | 35 | 16 | 20 |
8. | ԲԿՄԱ | 11 | 5 | 1 | 5 | 25 | 19 | 16 |
9. | Տորպեդո | 11 | 5 | 0 | 6 | 19 | 33 | 15 |
10. | Արագած | 11 | 4 | 2 | 5 | 27 | 25 | 14 |
11. | Արարատ-2 | 11 | 4 | 2 | 5 | 24 | 21 | 14 |
12. | Փյունիկ-2 | 11 | 4 | 1 | 6 | 23 | 23 | 13 |
13. | Լեռնային Արցախ | 11 | 3 | 2 | 6 | 21 | 18 | 11 |
14. | Շիրակ-2 | 12 | 2 | 4 | 6 | 16 | 20 | 10 |
15. | Մասիս | 11 | 1 | 1 | 9 | 19 | 49 | 4 |
16. | Դիլիջան ՖԱ | 10 | 1 | 0 | 9 | 9 | 48 | 3 |
17. | Անի | 12 | 0 | 2 | 10 | 4 | 38 | 2 |