Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի և թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Լամին Յամալի միջև համեմատությունների մասին:
«Լամինը յուրահատուկ ֆուտբոլիստ է, մենք նման բան նախկինում չենք տեսել: Ամեն դեպքում, պետք չէ խաղացողներին համեմատել Մեսսիի հետ: Դա սխալ է: Դա վերաբերում է բոլոր ֆուտբոլիստներին, կլինի Մբապեն, Հալանդը կամ Լամինը:
Նրան չի կարելի համեմատել Մեսսիի հետ, քանի որ Լեոն տարբերվում է բոլորից: Բայց այն, ինչ անում է այս տղան, իրոք ստիպում է մեզ մտածել, որ մենք դեռ չենք տեսել նրա առավելագույնը։ Հետաքրքիր է, բայց աղջիկս նրանից երկու տարով մեծ է։
Ես իմ նորամուտն Իսպանիայի հավաքականում նշել եմ 23 տարեկանում: Զարմանալի է, որ այս տարիքում ֆուտբոլիստները կարողանում են աչքի ընկնել և հրավիրվել հավաքական»,- 42-ամյա իսպանացու խոսքն է մեջբերում Marca-ն: