Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում կրած պարտությունից հետո (1-2) «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է հանդիպման մասին։
«Կարծում եմ՝ այսօր շատ տխուր օր է հայկական ֆուտբոլի համար, ոչ թե որովհետև մենք պարտվեցինք, քանի որ պարտությունը խաղի մի մասն է, և մենք ընդունում ենք ու գիտենք՝ պարտություններ ևս կարող են լինել, բայց ես կարծում եմ՝ խաղը սկսվել էր դեռ ավելի վաղ: Օրինակ, ես չեմ կարողանում հասկանալ և որևէ մեկն ինձ սպառիչ բացատրություն չի տվել, թե ինչու պետք է մարզիչը 2 խաղով որակազրկվի՝ ստանալով երկու դեղին քարտ: Ես կարող եմ ընդունել, եթե դա կարմիր քարտ լինի և 5-6 անգամ անընդմեջ կրկնվի: Իմ պարագայում հենց առաջին անգամից ինձ 2 դեղին քարտ են ցույց տալիս և որակազրկում երկու խաղով: Այսպիսի բան միայն այստեղ եմ տեսել: Կներեք, որ այսպես եմ ասում, քանի որ ես սիրում եմ Հայաստանն ու ցանկանում եմ նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Բայց խաղը սկսվել էր դեռ մեկնարկային սուլիչից առաջ:
Իսկ հետո արդեն խաղադաշտում եղավ այն, ինչ մենք տեսանք: Այո, մենք կարող էինք ավելի լավ գործել, հատկապես՝ առաջին խաղակեսում: Դադարից հետո վերադառնալն էլ հեշտ չէ, բայց լավ, մենք կարող էինք ավելի լավ գործել: Ամեն դեպքում խաղի ժամանակ եղան որոշ իրավիճակներ, որոնք ես չեմ կարողանում հասկանալ: Օրինակ՝ Արտյոմի հետ կապված դրվագը: Կա՛մ պետք է 11-մետրանոց լիներ, կա՛մ՝ գոլն արձանագրվեր: Եթե հաշվենք, որ խաղացողը դիպավ գնդակին, ուրեմն Միլան խաղից դուրս վիճակում չէր, այդ դեպքում պետք է գոլն արձանագրվեր, իսկ եթե Արտյոմն էր դիպչել, ուրեմն պետք է 11-մետրանոց նշանակվեր: Պարզից էլ պարզ է: Սա առաջին վիճելի իրավիճակն էր:
Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք մինչև որ մրցավարը նորից փոխեց խաղի կողմը: Երկրորդ դեղին քարտի հետ կապված դրվագը ես չեմ ընդունում: Յանը գնդակով առաջ էր շարժվում և երբ ցանկացավ փոխանցում կատարել՝ մրցակցի խաղացողը ոտքը դրեց Յանի ոտքին … էլ ի՞նչ էր նա ցանկանում: Տղան վազում էր. երբ դու վազում ես. ոտքդ օդի մեջ է, և երբ ներքևում մեկ այլ խաղացողի ոտք է հայտնվում, ինչպե՞ս կարող ես իմանալ այդ մասին: Այդպես դեղին քարտ է ցույց տալիս, ապա նրա երկրորդ սխալն է լինում:
Նույնն էլ Գրենիկի հետ կապված իրավիճակը, ոչ մի խախտում չկար: Մրցավարն ընդունել էր, որ ամեն ինչ կարգին է, բայց գոլից հետո վերադարձավ և ասաց, որ խախտում կար: Ինձ համար սա անհասկանալի է:
Մինչև խաղավարտ նաև Միլայի հետ կապված դրվագը եղավ: Սա ձյուդո չէ, սա ֆուտբոլ է: Երբ ֆուտբոլիստն առաջ է ընթանում գոլ խփելու և նրան բռնում են տուգանային հրապարակի ներսում, դա 11-մետրանոց է: Այսօր ինձ համար փոքր-ինչ շփոթեցնող էին կանոնները: Պետք է նորից ստուգեմ դրանք: Ինձ համար նորմալ է, որ մրցավարը կարող է սխալներ թույլ տալ, բայց նորմալ չէ, երբ էկրանների դիմաց նստած երկու մասնագետ այս ու այն կողմ է գնում և չի տեսնում այս իրավիճակը: Կարծում եմ՝ սա ոչ միայն Նոայի պարտությունն էր, այլև՝ ֆուտբոլի պարտությունը, քանի որ սա բացասական է: Դժվար է, երբ չես ունենում մաքուր և վստահելի միջավայր: Ըստ իս, Նոայի երկրպագուներն այսօր շատ վշտացան: Կարծում եմ այստեղ ինչ-որ բան ճիշտ չէ:
Այսպիսի մրցավարությամբ խաղն ամբողջովին վերացնում այն հաճույքը, որը կարող ես ստանալ ֆուտբոլից: Բայց մենք կշարունակենք: Գիտենք, որ պետք է շատ պայքարենք, քանի որ միայն մեկ թիմի դեմ չէ, որ խաղում ենք: Իհարկե, պետք է վերլուծություններ անենք և փորձենք բարելավել իրավիճակը»- ասել է Ռուի Մոտան։